Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում  ասված է.

«Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի ուղեկիցը: Մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանն այսօր էլ գիտելիքն ու կրթությունն են: Կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման գործում։
Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ` մեր երկրի արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու դժվար, բայց և պատասխանատու գործը պատվով կատարելու համար:
Սիրելի՛ դպրոցականներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած ձեր յուրաքանչյուր հաջողությամբ դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակատիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ապագայի ու ավելի լավ Երևանի կերտման գործում:


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ»