Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հայտարարությունը, թե չեմպիոնական մրցավազքում իր ղեկավարած թիմը չի կարողանա արդեն հասնել «Մանչեսթեր Սիթիին»։

«Չեմ հավատում Կլոպին, ամեն ինչ դեռ հնարավոր է։ Կլոպն էլ այդպես է մտածում, այլապես չէր լինի այդ մակարդակի մրցակից։ Իհարկե, նա հավատում է, որ կարող է դեռ նվաճել տիտղոսը։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։


Կլոպը գիտի, որ առաջին տեղ բարձրանալու համար շատ հանդիպումներում պետք է հաղթի, մենք էլ գիտենք, որ առաջին տեղը պահելու համար դեռ շատ հաղթանակներ պետք է տանենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 24 խաղում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 60 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» 51 միավորով երկրորդն է, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։