Շախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարի երկրորդ օրը տեղի ունեցան 5-8-րդ տուրերի պարտիաները։ Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվեց հնդիկ Ռ․ Պրագնանադհային, ոչ ոքի խաղաց վիետնամցի Լե Կուանգ Լիեմի եւ կանադացի Էրիկ Հանսենի հետ, հաղթեց չինացի Դին Լիրենին եւ 12 միավորով 7-րդ տեղում է։

Հայ գրոսմայստերը նախորդ օրն առաջին տուրում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, երրորդ տուրում ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, իսկ չորրորդ տուրում սպիտակ ֆիգուրներով սենսացիոն պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից (2642)։


Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 19 միավոր։ Դին Լիրենն ու Էրիկ Հանսենն ունեն 15-ական միավոր, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն՝ 14 միավոր։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը չորրորդն է՝ 13 միավոր։

Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ, կանցկացվի 15 տուր։ Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։