Երևան քաղաքի դատախազության 2021թ. գործունեության արդյունքների ամփոփման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք: «Սա մեծ ահազանգ է, որի շուրջ պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները»,- նշել է նա: «Մեզ համար դեռևս մնում է մեծ վտանգ քրեական ենթամշակույթի տարածվածությունը: Մեր քաղաքը շատ մեծ քաղաք չի. ցանկացած շենք էլ մտնես, դեռահաս տղերքին էլ հարցնես, շատ լավ ճանաչում են էդ թաղամասի հայտնի մականուն վաստակած մարդկանց. սրանք ուղիղ թիրախներ պետք է լինեն»,- նշել է Դավթյանը: «Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ մեր պետության մեջ մեր օրենքները չեն հարցերը կարգավորում, այլ կան հորինված օրենքներ ու էդ օրենքների հորինված պահապաններ, նրանք պետք է հանգիստ չապրեն, նրանք մեր թշնամիներն են, մեր պայքարը դրա համար է»,- հավելել է նա: