Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման առաջին 24 ժամվա ընթացքում չի կատարել իր հիմնական նպատակներից որևէ մեկը և ունի ավելի քան 450 զոհ, ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը:
Բեն Ուոլեսը Sky News-ին ասել է, որ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է «ներխուժել ամբողջ Ուկրաինա»:
Բրիտանացի նախարարի խոսքով՝ Ռուսաստանը հարևանի դեմ ռազմական գործողությունների հարցում «հետ է մնում իր ակնկալած ժամանակացույցից»:
«Այսօր առավոտվա դրությամբ մեր գնահատականն այն է, որ Ռուսաստանը չի կատարել իր գլխավոր նպատակներից և ոչ մեկը... Նրանք ունեն ավելի քան 450 զոհ»,- ասել է պաշտպանության նախարարը։
«Այն կարևոր օդանավակայաններից մեկը, որը նրանք փորձում էին գրավել իրենց էլիտար «սպեցնազով», չի հաջողվել գրավել և, փաստորեն, ուկրաինացիները հետ են վերցրել այն»,-ասել է պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։
«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։