Օգոստոսի 20-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան եղած, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր տղայի ոսկրածուծից նմուշ են վերցրել և այն հանձնել դատաբժշկական փորձաքննության. «Ինձ ասել են, թե այդ նմուշի պատասխանը պատրաստ կլինի 30 օր հետո: Ես հիմա սպասում եմ այդ պատասխանին, որովհետև տղայիս մահվան պատմության մեջ ամեն ինչ շատ մութ է»:

Միշա Հայրապետյանը նաև տեղեկացրել է, որ իր տղայի բոլոր համակուրսեցիներին օրերս հարցաքննության են տարել ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ խնդիր է ունեցել. «Սակայն տղայիս կուրսեցիներն ասել են, որ Հայկը ոչ մի խնդիր չի ունեցել և որևէ անգամ ոչնչից չի դժգոհել»: