«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում