«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից նախագահ ընտրվեց մարտի 3-ին, ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են նախագահի պաշտոնի ստանձնումը հանդիսավոր դարձնելու համար, որպեսզի այդ պատմական իրադարձությունը «չկորի» օրվա լրահոսի մեջ, ինչպես նախագահի ընտրությունը ստվերվեց օբյեկտներում սեղաններին աղամաններն արգելելու եւ ռուս-ուկրաինական հակամարտության լուրերի արանքում։
Հրավիրվելու են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իսկ երդմնակալությունից հետո հանդիսավոր արարողություն է լինելու նախագահական նստավայրում, որտեղ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը ընտանիքի՝ կնոջ եւ դստեր հետ դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ եւ թոռնիկի հետ։ Ընդդիմադիրները որոշել են երդմնակալության նիստը նույնպես բոյկոտել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում