Ուկրաինայի դեմ պատերազմը, Ռուսաստանի համար խոցելի մի շարք այլ հանգամանքների կողքին, բացահայտել է նաեւ ռուսական բանակի եւ ընդհանրապես ուժային բլոկի խնդիրները։ Հատկապես ցավոտ է բանակի հարցը, որը մինչ այդ ներկայացվում էր որպես աշխարհում երկրորդը իր կարողություններով։ Ուկրաինայի դեմ պատերազմում պարզվեց, որ այն ընդունակ չէ վարել կոնվենցիոն պատերազմ, չունի արդյունավետ մարտավարություն, լոգիստիկա եւ այլն։ Ռազմական փորձագետները դրանով են բացատրում ինչ որ պահից սկսած Ուկրաինայի բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու որոշումը՝ ուկրաինական դիմադրությունը կոտրելու նպատակով։


Բանակի կոռուպցիոն խնդիրները նույնպես իրենց դերն են խաղում։ Ուկրաինացիների հրապարակած հարյուրավոր տեսանյութերը գերեվարված ռուս զինվորների եւ ռազմավար տեխնիկայի վիճակի մասին ցույց են տալիս, որ ուկրաինական պատերազմը նաեւ բանակի վերնախավի համար գողոնը դուրս գրելու նպատակ ունի։ Մինչ պատերազմը ռուսական օֆիցիոզում արդեն իսկ տեղեկություններ էին հրապարակվում բանակում 1 տրիլիոն ռուբլու ծախսերի նպատակայնության մասին։ Շատերը դրանով են բացատրում Կյուժուգեթ-օղլու Շոյգուի՝ պատերազմն ամեն գնով «հաղթական ավարտի» հասցնելու եւ ընդհուպ միջուկային զենք կիրառելու դիրքորոշումը։

Խնդիրները սակայն բանակով չեն ավարտվում։ Ուկրաինական պատերազմը բացահայտեց նաեւ ռուսական հետախուզությունների վիճակը, ինչը վճռորոշ ազդեցություն ունի ռազմարշավի ընթացքի վրա։ Մասնավորապես, արեւմտյան եւ ուկրաինական հետախուզությունները մանրամասն տեղյակ էին ռուսական պլաններին ընդհուպ մինչեւ դիվերսիաների մակարդակ։ Փորձագետները չեն բացառում արտահոսքերի հնարավորությունը, ինչը կարող էր կապված լինել նաեւ միջգերատեսչական հակասությունների հետ։ Արդեն իսկ հետաքննություններ են սկսել ՖՍԲ-ի կարեւորագույն վարչություններից մեկի եւ Ռոսգվարդիայի շուրջ։

Ուկրաինայում ռազմական արշավի տապալումներն ու խոշոր կորուստներն ավելի են սրում այս իրավիճակը, քանի որ ինչ որ մեկը պետք է նշանակվի մեղավոր, ինչն իր հերթին մեծացնում է սաբոտաժի հնարավորությունը։ Փորձագետները նշում են, որ Կրեմլն առայժմ օգտագործում է այս հակասություններն ընդհանուր վերահսկողությունը պահելու համար՝ զուգահեռ «զտումներ» անցկացնելով ուժային բլոկում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/20/705678/