Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ խոսել ժամանակավորապես օկուպացված Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների եւ Ղրիմի Ինքնավար Հանրապետության մասին առաջին հանդիպման ժամանակ, սակայն կասկածում է, որ այդ երկխոսությունն արդյունավետ կլինի:
Զելենսկին համապատասխան հայտարարությունն արել հանրային հեռարձակողներին տված հարցազրույցում, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
«Եւ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար պետք է անել այդ առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ։ Քանի որ ամեն ինչ շատ թեժ է։ Եւ այս բլոկը կավարտվի, եւ դրանից հետո եկեք խոսենք: Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար դրանք կարեւոր են, օկուպացված տարածքների մասին։ Բայց ես վստահ եմ, որ այդ որոշումը այդ հանդիպմանը չի լինի։ Որովհետեւ, եթե լրիվ անկեղծ լինեմ, անվտանգության երաշխավորման հարցերում մենք խոսելու ենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին։ Իսկ եթե խոսենք այդ մասին, ապա, ամեն դեպքում, դա միայն նախագահը չի կորոշ: Այդ բավականին երկար գործընթացը կորոշվի թե՛ Ռադայի, թե՛ Ուկրաինայի ժողովրդի կողմից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաեւ ասել է, որ Պուտինի հետ «հենց հիմա» հանդիպման դեպքում ոչ մի «կոչեր ու պատմական ելույթներ» չէին լինի։
«Ես նրա հետ շատ մանրամասն կքննարկեմ բոլոր հարցերը՝ հնարավորություն չթողնելով մեր պետության հետագա ռիսկերի համար։ Ես կաշխատեմ անցնել այն բոլոր հարցերով, որոնք հուզում են ՌԴ-ին եւ որոնցից այն դժգոհ է, եւ կասեմ այն ամենը, ինչ մտածում է ուկրաինացի ժողովուրդը։ Մանրամասն: Եթե ես հնարավորություն ունենամ, իսկ Ռուսաստանը՝ ցանկություն, ապա մենք կանցնենք բոլոր այս հարցերով: Արդյո՞ք կլուծենք դրանք բոլորը։ Ոչ: Բայց կա հնարավորություն, որ մի մասը կկարողանանք. գոնե դադարեցնել պատերազմը: Առանց լուծման անհնար է»,- կարծում է Զելենսկին։
Պուտինը, հավելել է նա, «ոչնչացնելով մեզ՝ ոչնչացնում է ինքն իրեն»։
Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններում վերջնական փոխզիջումները կորոշի համաուկրաինական հանրաքվեն, դա վերաբերում է անվտանգության երաշխիքներին, Դոնբասի եւ Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքներին։