Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անընդունելի է համարում Փարիզում ՌԴ դեսպանության թվիթերյան էջում ծաղրանկարների հրապարակումը և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս մասին նա հայտնել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։ Ծաղրանկարները վերաբերել են եվրոպական համերաշխությանը և ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին։
«Մի՞թե։ Մեզ հենց ֆրանսիացի նախագահներն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ն են սովորեցրել, որ ցանկացած ծաղրանկար նորմալ է։ Նույնիսկ այնպիսի հրեշավորները, ինչպիսիք Charlie Hebdo-ում էին։ Մենք որոշեցինք հետևել նրանց խորհրդին և օգտագործել երգիծանքը, որը նրանք համարում են խոսքի ազատության դրսևորում։ Իսկ հիմա նրանց ինչ-որ բան դուր չի՞ գալիս։ Ստացե՛ք և բաժանորդագրվե՛ք»,-իրադրությունն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Regnum-ը։