ՌԴ ՊՆ-ն եւ ՌԴ ԱԳՆ-ն Արցախում Բաքվի հարձակումներին անդրադարձան Ֆրանսիայի ու ԱՄՆ արձագանքներից եւ Երեւանի ու Ստեփանակերտի վարչակազմերի կողմից ռուս խաղաղապահների պատասխանատվության եւ պարտավորությունները կատարելու պահանջներից հետո։ Ռուսական այս երկու գերատեսչությունները արձանագրեցին եռակողմ հայտարարության խախտումներն ու այն կատարելու անհրաժեշտությունը։

Մինչ այդ, ռուսական «պատասխանատվության գոտում» երկու հատուկ օպերացիա իրականացվեց՝ Արցախ մտնող գազատարի վրա փական դրվեց, իսկ Ասկերանի շրջանի Փառուխ-Քարագլուխ հատվածում Բաքվի զորքերը զբաղեցրին նոր դիրքեր։ Երկու դեպքում էլ Մոսկվա-Բաքու համակարգումն ակնհայտ է։ Փառուխում ռուսներն էին հայերին համոզել թողնել դիրքերն իբր հակառակ կողմից հայելային հետքաշման պայմանով։ Դրանից հետո Բաքվի զինվորականները մտել էին գյուղ եւ վերահսկողություն են հաստատել Քարագլուխ բարձունքին։ Ռուսական զորքի ու թուրքերի՝ իբր ելման դիրքեր վերադառնալու բանակցությունների ընթացքում այնտեղ շինարարական տեխնիկա էր աշխատում, որը պարզվեց ռուսական է եւ որը պարզվեց՝ Քարագլխում ճանապարհ է բացում ադրբեջանցիների համար։ Ռուսներն էին բացում, որպեսզի հայերը չկրակեն։

ՌԴ ՊՆ-ն եւ ՌԴ ԱԳՆ-ն նշում են եռակողմ հայտարարությունը կատարելու անհրաժեշտությունը, թեեւ Բաքուն խախտել է այն եւ ապահովել առաջխաղացում։ Դա Բաքվին չէ ուղղված, ինչպես ոգեւորված փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ Հայաստանում։ Եռակողմ հայտարարությունը հայերի իրավունքների, կարգավիճակի բացառման մասին է։ Ռուսական զորակազմն Արցախում գործում է Բաքվին երաշխիքների շրջանակում, ինչի հերթական վկայությունը երկու գործողություններն են ռուսական «պատասխանատվության գոտում»։

Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք եւ որ ղարաբաղյան խնդիրը լուծված է։ Ռուս խաղաղապահների խնդիրներին անդրադարձել ենք, նշենք միայն, որ դրանց մեջ է մտնում հայկական հնարավոր նախաձեռնությունների, այդ թվում ինքնապաշտպանության, զսպումը։

Մոսկվան եւս երկու լծակ տվեց Բաքվին՝ գազի փականն ու Քարագլխի ռազմավարական բարձունքը։ Ամեն ինչ ընթանում է համաձայն ժամանակացույցի, եւ Մոսկվա-Բաքու «հակասությունները» կարող են վերաբերել միայն տեխնիկական ինչ որ հարցերի։ Պատրանքներ գոնե հիմա պետք չէ ունենալ՝ ռուս-թուրքական մեխանիզմն իր ողջ համալիրով գործում է Արցախում։

Հայաստանի Նիկոլ-Ռոբերտական իշխանությունն այդ մեխանիզմի մի մասն է՝ Հայաստանը ռուսական ու թուրքական պլանների մատաղացուի դերում պահելու երաշխիքը։ Դրա օր առաջ հեռացումը եւ ինքնապաշտպանության կազմակերպումը առաջնահերթ խնդիրն է։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/27/707421/