Լրագրող Միքայել Յալանուզյանի գրառումը․ «1829թ. վերջին Օսմանյան կայսրության հպատակ Եգիպտոսի սուլթան Մեհմեդ Ալին ապստամբություն է բարձրացնում և մի քանի անգամ ջախջախում թուրքական զորքը։ Սուլթան Մահմուդ Բ-ն հայտնվում է անելանելլի դրության մեջ։ Շուտով պարզվում է, որ Եգիպտոսին աջակցում է Ֆրանսիան, որը ցանկանում էր մեծացնել ազդեցությունը Եգիպտոսում։ Սուլթանը դիմում է Ռուսաստանին։ Կայսր Նիկոլայ Ա-ն Եգիպտոս է ուղարկում գեներալ Նիկոլայ Մուրովյովին։ Պատմաբան Տարլեն գրում է, որ Նիկոլայ Ա-ն շատ լավ գիտեր, որ Եգիպտոսի սուլթանը ռուսների միջնորդությամբ պատերազմը չի դադարեցնելու։ Բայց Նիկոլայը չէր էլ ուզում, որ պատերազմը դադարի՝ ճիշտ հակառակը։ Որքան մեծանում էր ճնշումը Օսմանյան սուլթանի վրա, այնքան նա ավելի մեծ զիջումներ էր անելու։ Հենց այդպես էլ լինում է։
1832թ. եգիպտական բանակը գրավում է Կոնիան, և սուլթան Մահմուդ Բ-ն խնդրում է Նիկոլային օգնել։ 1833թ. եգիպտական նավատորմը մոտենում է Դարդանելին՝ Մարմարայի ծովում փակելով թուրքական նավերի ելքը։ Նիկոլայ Ա-ի հրամանով ռուսական նավերը Բոսֆորի ափին դեսանտ են իջեցնում։ Անգլիան և Ֆրանսիան շտապում են Եգիպտոսի սուլթանի մոտ՝ պահանջելով հետ քաշել զորքերը, որպեսզի Մահմուդ Բ-ն խնդրի ռուսներին հեռանալ։ Ապրիլին ռուսական բանակի թվակազմը հասնում է 10 հազարի, որոնք հանգիստ կանգնել էին Բոսֆորի մոտ։ Ռուսաստանի կայսրի անձնական ներկայացուցիչ, արտակարգ դեսպան Ալեքսեյ Օռլովը սկսում է բանակցել ինչպես Եգիպտոսի, այնպես էլ Թուրքիայի սուլթանների հետ։ Շուտով եգիպտական զորքերը հեռանում են, բայց պատմությունն այսքանով չի ավարտվում։
Օռլովի ջանքերով Օսմանյան սուլթանը նոր պայմանագիր է ստորագրում Ռուսաստանի հետ, որով արտաքին հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է թուրքերին օգնություն տրամադրեր։ Հիմա ամենակարևորը. այդ օգնության դիմաց թուրքերը պարտավորվում էին փակել նեղուցները բոլոր երկրների ռազմանավերի համար, բացի, բնակաբանար, ռուսականից։ Միաժամանակ, ռուսները առևտրային շատ մեծ արտոնություններ էին ստանում Թուրքիայում։ Պայմանագիրը ստորագրվում է 8 տարի ժամկետով։
Սև ծովը ծայրահեղ մեծ նշանակություն է ունեցել Ռուսական կայսրության համար։ 18-19-րդ դարերի բոլոր պատերազմները Սև ծովի ավազանում ազդեցությունը պահելու համար էին։ Այդ թվում՝ Անդրկովկասի գրավումը։
Հասկանալի է, չէ՞, որ ներկայում Սև ծովի նշանակությունը ոչ մի միլիմետր չի պակասել»։