Հայկական զլմ-ները հրապարակել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տելեգրամյան ալիքի տեղեկությունը, ըստ որի՝ «Մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են կողմերի շփման գիծը Փառուխ բնակավայրի ավերակների տարածքում, ինչով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պահուստներն առաջ քաշելու որոշում է կայացրել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ Ներկայում բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ»։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Բաքվի ստորաբաժանումներին ելման դիրքեր նահանջելու պահանջ էր ներկայացրել, այնուհետեւ հայտնել, թե Բաքվի ստորաբաժանումները դուրս են եկել Փառուխ գյուղից։ Սակայն դրանք գտնվում են Քարագլխի բարձունքում եւ դիրքավորվել են։
Փառուխում ռուսական զորակազմի դերակատարության մասին հայտնի է բոլորին՝ նրանք են հանձնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող գյուղը եւ ճանապարհ բացել դեպի Քարագլխի բարձունք։ ՌԴ ՊՆ-ն արձագանքել էր Հայաստանում եւ Արցախում ռուսական զորակազմի գործողությունների վերաբերյալ պահանջների ու մեղադրանքների արդյունքում։
Ռուսական զորակազմի հաղորդագրությունից երեւում է, որ ելման դիրքեր նահանջելու պահանջը հանված է։ Երեկվանից ռուս փորձագետները Քարագլխի բարձունքները «Ռուսաստանի համար անէական դիրքեր» են անվանում։ Հիշվում է՝ Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տարածքը բաքվին հանձնելու կապակցությամբ Կրեմլի խոսնակն ասում էր՝ դա գլխացավանք էր ռուս խաղաղապահների համար։ Ռուսական զորակազմը «ադրբեջանցիների առաջխաղացումը զսպելը» շնորհ է համարում հայերին, իսկ Հայաստանի ռուսանպաստ շրջանակները երեկվանից Ռուսաստանի փաստաբանության նողկալի նոր արշավ են ծավալել։