Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին: