Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ղազախստանը «Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր են ստորագրել, որն ընդգծում է միջանցքի կարեւորությունը եւ հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։

Ըստ տեղեկությունների՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման եւ տարանցիկ ներուժի ավելացման, Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրման եւ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդման կարեւոր դերը։


Փաստաթղթում նշվում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կարեւոր դերը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ մրցակցային տրանսպորտի զարգացման գործում եւ ուշադրություն է հատկացվում շինարարական աշխատանքների ավարտի կարեւորությանը` երկաթուղու թողունակությունը բարելավելու համար: Հռչակագրում նշվում է նաեւ ենթակառուցվածքային ներդրումների զգալի անհրաժեշտությունը՝ այդ երթուղով տրանսպորտային գործառնությունների որակը բարելավելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: