Այսօր կառավարության նիստում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը բացահայտել է նոր սադրանքների համար հող նախապատրաստելու Բաքվի քաղաքականությունը։ Միաժամանակ նա կրկնել է, որ պատրաստ է ապրիլի 6-ին Բրյուսելում Ալիևի և Միշելի հետ եռակողմ հանդիպմանը սկսել «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները։
Ծավալուն ելույթում մի ուշագրավ ասպեկտ կա․ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիշատակվում է միայն «սուրհանդակային» աշխատանքի հետ կապված։ Ըստ Փաշինյանի՝ Բաքուն Մինսկի խմբի «համանախագահող երկրի» միջոցով հինգ կետ է փոխանցել Երևանին և նույն կերպ ստացել պատասխան։ Այս ընթացքում Երեւան է այցելել Մինսկի խմբի միայն մեկ համանախագահ՝ Ռուսաստանինը։ Ու թեև ասվում է, որ Հայաստանի լրացուցիչ առաջարկները ներկայացվել են Մինսկի խմբի համանախագահներին, սակայն Մինսկի խմբի արձագանքի բացակայությունը հուշում է, որ գործընթացը ընդունելի է միայն Բաքվի ու Երևանի միջև շահագրգիռ սուրհանդակի դեր ստանձնած համանախագահի համար։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահներին փոխանցվել են առաջարկներ, Պուտինը երկու անգամ զանգեց Փաշինյանին, սկսեցին Փառուխի իրադարձությունները «ռուսական պատասխանատվության գոտում», Մոսկվայի ու Բաքվի ակնհայտ պայմանավորվածությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակը կոչ արեց մնալ եռակողմ հայտարարության շրջանակում։
Միայն այս փաստը բավական է սպասվող բանակցություններն անընդունելի համարելու համար։ Հայաստանը պետք է պնդի, որ բանակցություններն անցնեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ օրինական միջազգային կազմակերպությունների ձևաչափով։ Արտաքին ճնշումը միշտ էլ եղել է, այդ թվում՝ ռազմական սադրանքների միջոցով, և հարցը Հայաստանի իշխանության քաղաքական կամքն է և իրական մտադրությունները։
Բաքվի, Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումը հասկանալի է. նրանք ցանկանում են հնարավորինս արագ հասնել պատերազմի արդյունքների, հայ-թուրքական ոչ լեգիտիմ սահմանի և Ադրբեջան կոչվող գոյացության ճանաչմանը Արցախի և Նախիջևանի հետ։ Լեգիտիմացման իրավունքը պատկանում է Հայաստանին, և Ալիևը, Պուտինն ու Էրդողանը չեն դադարում խոսել այս մասին՝ պահանջելով Երևանի ստորագրությունը։ Թուրքիան այսօր էլ հայտարարել է, որ Հայաստանի հետ իր բանակցությունները կախված են լինելու Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումից։
Հայ-ադրբեջանական «երկկողմ» բանակցությունների դեպքում՝ լինի Բրյուսելում, թե Մոսկվայում, Բաքուն առաջ կքաշի առավելագույն պահանջներ, իսկ եթե Հայաստանը չհամաձայնի, միշտ կարող է մարդ սպանել կամ Արցախում գյուղ գրավել։ Առավել ևս, որ Հայաստանը չի պատասխանում, այլ միայն պատասխանատվության է կանչում ռուս խաղաղապահներին։
Փաշինյանն այսօր հնչեցրել է Երեւանի պատասխանները Բաքվի ճնշմանը, եւ դրանք ողորմելի տեսք ունեն։ Փաշինյանը ցավով նշել է, որ Բաքուն կամ մերժում է, կամ չի նկատում Երեւանի բոլոր կառուցողական առաջարկները՝ թե՛ սահմանազատման, թե՛ զորքերի հետքաշման, թե՛ հաղորդակցությունների վերաբերյալ։ Նա չի ասել, թե Հայաստանի կառավարությունը ունի՞ հաջորդ քայլերի ծրագիր։ Եվ Փաշինյանը պատրա՞ստ է ստորագրել «խաղաղության պայմանագիր», եթե Բաքուն պնդի բացառապես իր հինգ կետերը, իսկ ռուս խաղաղապահները շարունակեն անգործություն ցուցաբերել։
Փաշինյանը ճշգրիտ թվարկեց Բաքվի պահանջները՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, կարգավիճակ չի լինելու, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, Մեղրիի և Լաչինի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը, բանակը պետք է դուրս բերվի Արցախից (ինչը հավասարազոր է հայերի դուրսբերման – Փաշինյան), իսկ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը չօգտագործելու Բաքվի պահանջին ի պատասխան՝ Փաշինյանը ոչինչ չգտավ, քան անդրադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։
Հայաստանի հրաժարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և այն ռուսական «սուրհանդակով» «երկկողմ» ձևաչափով փոխարինելը, Արցախի կարգավիճակի, Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին խոսելուց հրաժարվելը կարող է նշանակել, որ Փաշինյանը կամ միտումնավոր հանձնում է հայկական շահերը, կամ ունակ չէ ներկայացնելու այդ շահերը։ Երկու դեպքում էլ նրա ստորագրությունը ուժ չի ունենալու։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/31/708524/