Նուր-Սուլթան քաղաքում Ղազախստանի հակահետախուզությունը ձերբակալել է օտարերկրյա հետախուզության գործակալ, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի «Ա»-ին, որը մահափորձ էր ծրագրում Ղազախստանի Հանրապետության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ «Միևնույն ժամանակ նա ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել հատուկ և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Մահափորձի պլանավորման» բացահայտումը տեղի է ունենում Ղազախստանի կողմից Ուկրաինայի հետ պատերազմի վերաբերյալ հստակ դիրքորոշման ֆոնին։ Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահի վարչակազմի պաշտոնյան հայտարարել էր, որ չեն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում, հարգում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Ղրիմն ու Դոնբասը չեն ճանաչում ռուսական եւ ՌԴ-ին չեն օգնի շրջանցել պատժամիջոցները։ Եվ մեկ օր անց ինչ-որ մեկը մահափորձ է ծրագրում նախագահի դեմ, բայց այս անգամ նրան հաջողվում է կանգնեցնել։
Երեկ Ղրղըզստանում ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, սակայն Ղրղըզստանի իրավապահները ձերբակալել են նրանց։
Հայաստանը պաշտոնական մակարդակով չի հայտարարել Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու մասին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հերքել է Ռուսաստանին օգնելու համար 4 օդանավ տրամադրելու և Սիրիայից վարձկանների տարանցման մասին տեղեկությունը։ Բայց նա բացահայտ չի աջակցել Ուկրաինային, ըստ երևույթին, որպեսզի Հայաստանում էլ չբացահայտվեն մահափորձ ծրագրող մարդիկ։
Ավելին, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թեման տաբու է։ Արցախում Բաքվի արշավանքների դեմ բողոքի ակցիայի ժամանակ մի տիկին, պատասխանելով հարցին, թե ինչու չկան ինքնորոշում, ինքնիշխանություն պահանջող պաստառներ, ասել է, որ այդ մասին խոսելը «վտանգավոր է». «մեզ ասել են, որ չի կարելի այդ մասին խոսել, այլապես կարող են լինել հետևանքներ»։
Իհարկե, կարող են լինել. 30 տարի Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու և Հայաստանին Արցախի ինստիտուցիոնալ վերամիավորումը իրագործելու փոխարեն Հայաստանի քաղաքական դասը ինքնիշխանությունն իջեցրել է այն մակարդակի, երբ մարդիկ վախենում են այդ մասին խոսել։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/03/708959/