ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այսպիսով, ՌԴ ՊՆ-ն կրկին խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Խաղաղապահ զորախումբը չի կատարում իր պարտականությունը, այն է՝ նոյեմբերի 9-ի դրույթների պահպանումը, քանի որ Բաքվի ստորաբաժանումները չեն նահանջել ելման դիրքեր։


Բաքուն հայտարարեց, որ Փառուխն ու Քարագլխի շրջանն իրենց է հանձնվել Մոսկվայի հետ բանակցությունների արդյունքում։ ՌԴ-ն չի հերքել այս հայտարարությունը, ինչը եւս մեկ անգամ հաստատում է այն իրողությունը, որ Փառուխի գործողությունն իրականացվել է Մոսկվա-Բաքու համաձայնությամբ։ Հայաստանի վարչակազմը հետ է կանգնել զորքերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջից, ինչը նշանակում է, որ կամ Մոսկվան ու Բաքուն սպառնացել են նոր գործողություններով, կամ ՀՀ վարչակարգն էլ մասնակից է այդ համաձայնություններին։

Ինչով է կարեւոր Քարագլխի շրջանը՝ այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Այս իրադարություններից հետո Մոսկվայից Բաքվին խորհուրդ տվեցին չշտապել եւ սպասել Արցախի ընդունման-հանձնման գործողությանը։

Ինչու երկար տարիներ չէր «կարգավորվում» Արցախի խնդիրը։ Պատճառներից մեկը խաղաղապահների կազմի հարցն էր։ Մոսկվան պնդում էր իր խաղաղապահների վրա, իսկ դա հնարավոր էր միայն Արցախում պատերազմով՝ հայերի երաշխավորված պարտությամբ։ Ռուսական զորախումբն այնտեղ է Հադրութի եւ Շուշիի դիմաց։ Արցախում ռուսական զորքի ներկայությունը եւս մեկ վկայություն է, որ Հայաստանի դեմ Արցախում պատերազմը ծրագրել եւ իրագործել է Ռուսաստանը թուրքերի հետ համատեղ։

Ռուսական զորակազմը գործում է եռակողմ հայտարարության շրջանակում, որի իմաստը Արցախի հանձնումն է Բաքվին՝ Մոսկվայի աստիճանական նահանջի ռազմավարության շրջանակում։ Հայաստանում ռուսական ագենտուրային շրջանակների կողմից տարածվող հեքիաթները Պուտինի ու Շոյգուի «մտահոգությունների» եւ ռուսական զորքի անկարողության մասին, այս հանգամանքները քողարկելու նպատակ ունեն։ Քարագլխի շրջանի հանձնումը երաշխիք է Բաքվին, որ հանձնման-ընդունման ակտը տեղի է ունենալու եռակողմ հայտարարության «անվերապահ իրականացման» շրջանակներում։


Փառուխում հայկական զինված դիմադրության հանգամանքը չպետք է մոռացության մատնվի, ինչպես նաեւ զորքի հետքաշման պահանջը։ Այդ դրվագը ռուս-թուրքական դավադրության բոլորի համար տեսանելի ու ընկալելի բացահայտում էր՝ դրանից բխող հետեւանքներով։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/05/709421/