ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի համար Լենդ լիզ ծրագրի մասին օրինագծին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա Լենդ լիզ ծրագրի առաջին օգտագործումն է: Օրինագիծը կոչվում է 2022 թվականի Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության լենդ լիզի ակտ («Lend-Lease Act in Defense of Ukrainian Democracy»): Այն նախատեսում է Ուկրաինային սպառազինության անհապաղ եւ առանց սահմանափակումների առաքման հնարավորություն։
Հատկանշական է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ն այս ակտը կիրառել է Խորհրդային Միության հանդեպ՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի համար։ ԱՄՆ-ն ստալինյան բանակին մատակարարել է ամեն ինչ՝ զինվորական հագուստից ու սնունդից մինչեւ ռազմական օդանավեր։
Ամերիկյան օգնությունը ԽՍՀՄ-ին թույլ տվեց դիմակայել եւ անցնել հակահարձակման։ Հետագայում ԱՄՆ տրամադրած սպառազինության հիմքի վրա գործարկվեց խորհրդային ռազմարդյունաբերական համալիրը։ Երեւի քչերը գիտեն, որ ռուսական պարծանք Կատյուշան ամերիկյան ծագում ունի։
Ներկայում «տեղերը փոխվել են», եւ ԱՄՆ-ն Լենդ լիզ է ընդունել Ուկրաինայի համար։ Հատկանշական է, որ եթե Ռուսաստանի հարձակումից հետո ԱՄՆ-ն Զելենսկիին առաջարկում էր էվակուացիա, ենթադրելով, որ ռուսական բանակը կարող է իրականացնել բլից-կրիգը, ուկրաինական հաջող դիմադրությունից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ Պուտինը չպետք է հաղթի։ Ավելի ուշ, պուտինյան բանակի՝ Բուչայում, ռուսական օկուպացիայի տակ հայտնված այլ բնակավայրերում գործողությունների բնույթի բացահայտումից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ուկրաինան պետք է հաղթի, եւ ընդունեց Լենդ լիզը։
Ուկրաինայի ռազմա-քաղաքական ղեկավարությունը երկու բան էր պահանջում Արեւմուտքից՝ փակել օդը եւ տրամադրել ծանր տեխնիկա։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հայտարարում էին, որ դա կարող է ՌԴ հետ ուղիղ դիմակայության տանել։ Ռազմական շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշում են, որ եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կատարեն այս երկու քայլը, Ուկրաինան հաղթելու մեծ հնարավորություններ կունենա։ Լենդ լիզից հետո ծանր տեխնիկայի հարցը կարծես թե լուծվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/12/710633/