Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Արցախ արգելելու միջադեպից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում Արցախ մուտքի արգելքի դեպքերից խուսափելու համար։
«Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողացել Լաչինի միջանցքով մտնել Լեռնային Ղարաբաղ, մենք, իհարկե, միջոցներ ձեռնարկեցինք։ Մենք բարձր մակարդակով կապ ենք հաստատել եւ՛ Լեռնային Ղարաբաղի, եւ՛ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ։ Մեզ վստահեցրին, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելվել է՝ հնարավոր սադրանքներից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա դա հստակ արտացոլված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ Խոսքը, մասնավորապես, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումներ չկան, եւ ՀՀ քաղաքացիները, հատկապես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, պետք է անարգել մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ»,-ընդգծեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղ մուտք գործել։
«Այս գործողությունը հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը նախատեսում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ։ Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հավատարիմ մնան դրա տառին ու ոգուն եւ կատարեն իրենց պարտավորությունները»,-ասված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։