Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում եւ կհանգեցնի ամենաանցանկալի հետեւանքների։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Շվեդիայի եւ Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակը չխանգարեց նրանց մերձենալ Եվրամիությանը, այնուհետեւ դառնալ դրա անդամ, եւ, իհարկե, եթե ելնենք ռացիոնալ նկատառումներից, եթե նայենք իրավիճակին, Հյուսիսային Եվրոպայում ապրող ժողովուրդների հիմնարար շահերի տեսանկյունից պետք է պահպանել ներկայիս իրավիճակը։ Հակառակ դեպքում դա լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում եւ կհանգեցնի ամենաանցանկալի հետեւանքների, որոնցից պետք է խուսափել»,-ասել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական ​​կապեր է պահպանում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ։ «Սակայն Շվեդիան եւ Ֆինլանդիան միացել են պատժամիջոցներին, նրանք մասնակցում են Արեւմուտքում սկսված հակառուսական արշավին, սա է այսօրվա իրականությունը»,-ասել է Գրուշկոն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։ «Մենք Ֆինլանդիայի հետ սահման ունենք՝ 1300 կմ։ Սա կնշանակի ռազմաքաղաքական իրավիճակի արմատական ​​փոփոխություն, եւ պարզ է, որ մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար»,-հավելել է նա։