Հայաստանի հանրապետության նախագահը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Նրա ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։
Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։
Սուրբ Զատիկն ավանդաբար ընտանեկան տոն է, և ես բոլոր հայ ընտանիքներին՝ ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք։
Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում:
Եվ այսօր, ինչպեսև դարեր ի վեր, մենք սիրով, հույսով և հավատով կրկնում ենք
այս երջանկաբեր ավետիսը՝
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: