Կարծում եմ, որ այսօր դժվար է ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում ամբողջությամբ վերականգնել, քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, Մինսկի խումբն ու նրա համանախագահները չեն կարողացել հասնել կայուն խաղաղության, հակամարտության կարգավորման, որն այդքան երկար ժամանակ շարունակվում էր։ «Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ մենք դեռ չենք կարող վերջակետ դնել այս հարցում։ Մինսկի խմբի, եւ, մասնավորապես, նրա համանախագահների ճակատագրում որոշիչ դեր պետք է խաղան հակամարտող կողմերը, այսինքն՝ ի վերջո Հայաստանից եւ Ադրբեջանից է կախված, թե Մինսկի խումբը որքանով կարող է վերականգնել իր գործունեությունը եւ որ ուղղություններով Մինսկի խմբի գործունեությունը կարող է առվել արդյունավետ լինել։ Եթե նայեք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտահայտած առաջին գաղափարներին, ապա այդ գաղափարները Բաքվում ավելի կոշտ քննադատության ենթարկվեցին, քան Երեւանում, քանի որ Ադրբեջանի ղեկավարության տեսանկյունից ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան վերջին լարվածության ժամանակ ցուցադրաբար հայամետ դիրքորոշում ցուցաբերեցին, եւ դա դուր չեկավ Ադրբեջանի ղեկավարությանը, որն իր հերթին առաջարկեց հետագա աշխատանքի այլ ձեւաչափեր, այդ թվում՝ հայտնի «3+3» ձեւաչափը»,- ասաց Կորտունովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ-ի ակտիվացումը կարելի է համարել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, նա նշեց, որ դժվար թե հնարավոր լինի Մոսկվային հեռացնել խաղաղ կարգավորումից, քանի որ միակ վերջին փաստաթուղթը, որն այժմ իսկապես իրագործվում է հրադադարի մասին համաձայնագիրն է եւ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղի տարածքում։
«Ռուսաստանը մնում է հիմնական խաղացողներից մեկը, եւ ես կարծում եմ, որ այս իրավիճակը մոտ ապագայում չի փոխվի։ Բայց ինձ թվում է, որ մենք պետք է ավելի հանգիստ վերաբերվենք խաղաղ կարգավորմանը մասնակցելու այլ երկրների կամ ինտեգրացիոն միավորումների փորձերին։ Չեմ կարծում, որ ԵՄ-ի ակտիվությունը Մոսկվայում պետք է դիտարկվի որպես պարտադիր հակառուսական բնույթ ոնեցող, ինչպես նաեւ այլ երկրների փորձերը կամ այն փորձերը, որոնք կարող են լինել ՄԱԿ-ից... Դրանք պետք է ողջունել։ Հասկանալի է, որ այժմ, ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանի համար շատ ավելի դժվար է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը նույնիսկ Հարավային Կովկասի հարցերում։ Այնուամենայնիվ, ես սկզբունքային, անհաշտելի տարաձայնություններ չեմ տեսնում Մոսկվայի եւ Բրյուսելի դիրքորոշումների միջեւ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ, ուստի արժե խուսափել այն պատկերացումներից, որ այստեղ զրոյական արդյունքով խաղ է տարվում. դա այդպես չէ... Ես հնարավոր եմ համարում, որ ԵՄ-ն կարող է Մոսկվային, որպես հիմնական միջնորդի, դուրս մղելու գայթակղություն ունենա, եւ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ շատ սուր տարաձայնությունների ֆոնին նման գայթակղությունը կարող է նպաստել Բրյուսելի քաղաքականության ակտիվացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Բայց ինձ թվում է, որ ցանկացած միջնորդ, ցանկացած մեդիատոր, անկախ նրանից, թե որտեղից է նա եկել, կբախվի նույն խնդիրների հետ, ինչին բախվում է Մոսկվան։ Այսինքն՝ ինձ համար դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ կարող է հրաշք գործել եւ լուծել այն խնդիրները, որոնք դեռ չի կարողանում լուծել ռուսական դիվանագիտությունը։ Դե, օրինակ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ներառի Ղարաբաղի տարածքում հայ փոքրամասնության անվտանգության եւ զարգացման որոշակի երաշխիքներ։ Կարծում եմ, որ թե՛ Մոսկվայի հետ բանակցություններում, թե՛ ԵՄ-ի հետ բանակցություններում կառաջանա շատ բարդ խնդիրների նույն հավաքածուն, եւ, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու ԵՄ-ն կարող է ավելի լավ լուծել այդ խնդիրները, քան Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին դուրս մղելու փորձերին, ապա, այո, հիմա ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կձգտի Ռուսաստանին դուրս մղել տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Հարավային Կովկասից»: