«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի եռանախագահության հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի, այսպես կոչված, գործընկերները, ձգտելով չեղարկել այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն ուզում մեզ հետ հարաբերվել այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր Կովկասում կարգավորումը, եթե նրանք տվյալ դեպքում պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է», ՀՀ ԱԳ նախարարի հետ Մոսկվայում մամուլի ասուլիսում հայտարարել էր Սերգեյ Լավրովը։
Ըստ Լավրովի՝ ստացվում է Մինսկի խումբը եւ մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պաշտպանում էին հայկական կողմի շահերը, իսկ Ռուսաստանը՝ Բաքվի։ Թե ինչու է նման խոստովանություն անում Լավրովը, տարբեր պատճառներ կարելի է նշել։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, կարգավիճակի խնդիր գոյություն չունի, իսկ Մինսկի խումբը պետք է զբաղվի բացառապես հումանիտար եւ հողորդակցությունների խնդիրներով։ Մոսկվային Մինսկի խումբը պետք էր նոյեմբերի 9-ի «կարգավորումը» լեգիտիմացնելու համար, ինչը ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մերժեցին, հայտարարելով, որ դա կարգավորում չեն համարում։
Ինչու է Լավրովը հայտարարում Մինսկի խմբի՝ արեւմտյան համանախագահների մեղքով «չեղարկման» մասին, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի թղթով Մոսկվան խախտել էր ՄԽ մանդատն ու միջազգային սկզբունքները Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Դա անկասկած կապված է Ուկրաինա ներխուժման համար ՌԴ միջազգային մեկուսացման ներկայիս գործընթացի հետ, երբ ՌԴ-ն որպես պետություն կորցնում է իր լեգիտիմությունը հերթական հարթակում։ Ավելին, նոյեմբերի 9-ը կարող է դառնալ Հաագայի դատարանի հերթական քննության առարկա։
Մինսկի խմբի «չեղարկման» պարագային Ռուսաստանը կանգնում է Հայաստանին դեմ առ դեմ, ինչից այդքան խուսափում էր եւ ինչը սպառնում է նրա փրկչական կերպարին։ Դրա հետ է կապված խումբը չեղարկելու եւ «հայկական կողմի շահերը զոհաբերելու» պատասխանատվությունը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա բարդելու փորձը՝ Լավրովի պլանի իրագործման արագացման Մոսկվայի որոշման ֆոնին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/15/711606/