Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի առիթով։
«Արմենպրեսի» հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին եղել է Նիժնի Նովգորոդում։
ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:
Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Գործադիրի ղեկավարը եղել է նաև տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում` կատարել մոմավառություն:
Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի: