Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որին Կրեմլը «առանձնահատուկ նշանակություն» տվեց, ավարտվեց Փաշինյան-Պուտին 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ։ Դրանում ոչինչ չկա Արցախի կարգավիճակի, Հայաստանի իրավունքների ու շահերի մասին։
Այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել «մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացների շուրջ»։
Պայմանավորվածությունների էության մասին ավելի ուշ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հիմնական խնդիրն է աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում։
Նա նշել է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման համար երկխոսության հիմքը Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներն են և «այդ առաջարկներին Երևանի ընդհանուր առմամբ կառուցողական արձագանքը»։
Այսպիսով, Մոսկվան մտադիր է հասնել Բաքվի առաջարկների հիման վրա «համաձայնագրի ստորագրմանը», որը ենթադրում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում։ Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Ադրբեջանի վերջնագրի, այն ընդունելի էր համարել եւ ամոթխած «հավելյալ առաջարկներ» արել Արցախի վերաբերյալ։ Այդ առաջարկները ՌԴ ԱԳՆ նշած՝ «Երեւանի ընդհանուր առմամբ կառուցողական արձագանքի» թերեւս ոչ կառուցողական մասն են։