Վրաստանում «երկրորդ ճակատ» չի լինելու: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա կրկնել է իր դիրքորոշումը 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի պատճառների վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ամենամեծ, անուղղելի սխալը թույլ տվեց, երբ չկարողացավ խուսափել պատերազմից, որի արդյունքում երկիրն ավերվեց»։


«Եթե Սաակաշվիլին այսօր իշխանության ղեկին լիներ, ապա այստեղ պատերազմ կլիներ… Սաակաշվիլին մի նպատակով է եկել՝ ապակայունացնել երկիրը, հեղափոխություն, ջարդեր կազմակերպել, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների եւ հեղաշրջում անել: Դա ուղղակիորեն օկուպացված երկրում նոր պատերազմի սանձազերծում կնշանակեր։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կեղտոտ սադրանք մեզ հաջողվեց կանխել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» եւ ընդդիմության մեծ մասը սուր քննադատության են ենթարկում իշխանություններին՝ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ սեփական պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար։ Իշխող կուսակցությունն այս որոշումը բացատրում է նրանով, որ այդ պատժամիջոցներից կտուժի միայն ինքը՝ Վրաստանը, իսկ ընդդիմությանը մեղադրում են երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ Վրաստանը «պատմական հնարավորություն ունի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար», թեեւ նա կարծում է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը դա չի անի, քանի որ իր գործողություններով եւ հայտարարություններով «շատ է փորձում հաճոյանալ Ռուսաստանին»։