Քայլերթի ժամանակ ոստիկանները, անհամաչափ ուժ կիրառելով, մեր ընկերներին կոպիտ ու լկտի ձևով տարան բաժիններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում է վախենալ կաբինետում պախկված թուլամորթը։ Շարունակում ենք, չենք դադարում պայքարը, հանձնվել չկա, նահանջ չկա, առաջ դեպի հաղթանակ»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։