Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը ներկայացրեց Հայաստանին խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքները. Հայաստանը հայտարարեց, որ այդ սկզբունքներն իրենց հարմար չեն։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի 6 առաջարկների մասին. «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Սակայն եթե նայեք փաստաթղթին, ապա այն առաջարկներ կոչել չի կարելի։ Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել արձագանքի այդ 6 կետերից մի քանիսը, եւ դուք եւս կարող եք եզրակացություն անել, թե որքանով դրանք կարելի է առաջարկություն անվանել»:


Նախարարը նշել է, որ կետերից մեկն այն է, թե ինչու է ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնական առաջարկները մարտի սկզբին ներկայացրել Հայաստանին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ապա ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992-ին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եւ դա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։