Մայիսի 13-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:


Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։