#SportLifeVLOG-ի հերթական թողարկումը նվիրված է Երեւանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներին: Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկա է եղել Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի հավաքականի վերջին մարզումներին, այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Այս օրերին հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է նաեւ Հայաստանի հավաքականի կազմը, որում ընդգրկված է նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին Երեւանի ժամանակով 21:00-ին: Նախնական մենամարտերը մեկնարկելու են մայիսի 23-ից: Մրցումային օրերն անցնելու են երկու մրցահերթով՝ 14:00-17:00-ը եւ 18:00-21:00-ն:
Մայիսի 28-ը կլինի հանգստի օր: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին, եզրափակիչները՝ 30-ին:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):