Արեւմտյան հետախուզությունները եւ ռազմա-քաղաքական պաշտոնական շրջանակները Կրեմլի վերջին շրջանի հայտարարություններից ու ՌԴ բանակի գործողություններից եզրակացրել են, որ Պուտինը մտադիր է «ամրանալ» Ուկրաինայի ներկայիս օկուպացված մասում եւ բանակցություններ սկսել ստատուս-քվոյի ճանաչման եւ պատժամիջոցները հանելու կամ մեղմելու շուրջ։ Դա նկատելի է նաեւ Արեւմուտքում Կրեմլի լոբբինգի եւ ագենտուրայի՝ գնված քաղաքական գործիչների, զլմ-ների, փորձագիտական շրջանակների աշխուժացումից։ Քաղաքական բովանդակությունը մեկն է՝ «համաձայնել այս տարբերակին Պուտինի դեմքը պահելու եւ նրան ավելի մեծ ագրեսիայի չդրդելու համար»։
Կիեւը հայտարարել է, որ թույլ չի տա իր տարածքների ու կյանքերի հաշվին փրկել Պուտինի դեմքը։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ռեսուրսներն ու հնարավորությունները սպառվում են Ուկրաինայի հնարավորությունների աճի պայմաններում, եթե պահպանվեն պատժամիջոցների ռեժիմը եւ Կիեւին զենքի մատակարարումները։ Այդ դեպքում Ռուսաստանի ռազմական պարտության եւ նահանջի հեռանկարն առավել քան իրական է դառնում։
«Պուտինի դեմքը փրկելու» գծի ընդդիմախոսները պնդում են, որ Ռուսաստանին զիջումների գնալը ոչինչ չի փոխի․ Կրեմլը պարզապես կօգտագործի դադարը ուժերը հավաքելու եւ նոր հարձակումների անցնելու համար։ Ըստ այդմ, ելքը համարվում է Ռուսաստանի պարտությունը եւ նրան «փակելը»՝ ռուսական հանրության դեգրադացիան եւ քաղաքակրթական խզումը դեպի ներս ուղղելով։
Ո՞ր գիծը կհաղթի՝ ցույց կտան առաջիկա զարգացումները։ Մինչ այդ, ռազմական փորձագետներն արձանագրել են, որ ՌԴ բանակը վերջին հարձակումներն է ձեռնարկում Դոնբասում՝ հարմար դիրքերում պաշտպանության անցնելու նպատակով։