ՌԴ ԱԳՆ-ն կրկին նյարդային է արձագանքել Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ բանակցություններին։ Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Բրյուսելը ցանկանում է յուրացնել Ռուսաստանի ջանքերով սկսած գործընթացը, այս անգամ՝ որ Բրյուսելը աշխարհքաղաքական խաղեր է խաղում։ Հատկանշականն այն է, որ Բրյուսելի եւ Մոսկվայի «ձեւաչափերում» քննարկվում են նույն խնդիրները, մեկ բացառությամբ՝ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը նշում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորված չէ եւ ընդունում են Արցախի ժողովրդի իրավունքները, սակայն մոսկովյան ձեւաչափում այդ մասին խոսք չկա եւ չի կարող լինել՝ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է եւ կարգավիճակի խնդիր չկա։


Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո Լավրովը զանգել է ՀՀ եւ Բաքվի իր գործընկերներին եւ պնդել Պուտին-Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ Մոսկովյան դեմարշին հետեւեց ՌԴ դեսպան Կոպիրկինի այցը Սյունիքի մարզ, որը նոյեմբերի 9-ի թղթով պետք է օտարվի միջանցքներով՝ ՌԴ ՖՍԲ ստորաբաժանումների հսկողությամբ։

Ռուսաստանի նյարդային արձագանքն անկասկած կապված է Կովկասում մենաշնորհը կորցնելու եւ ամենակարեւորը՝ Հայաստանին դեմ առ դեմ կանգնելու հանգամանքի հետ։ Քարագլխի իրադարձություններից եւ Լավրովի խոստովանությունից հետո, որ չեղարկված ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պաշտպանում էին հայկական շահերը, Ռուսաստանը այլեւս չի կարող թաքնվել Բաքվի թիկունքում։ Իսկ Կովկասի իրավիճակը կախված չէ Ռուսաստանից այն պահից, երբ Հայաստանի դեմ սանձազերծվեց թուրքերի հետ համատեղ օպերացիան։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/26/719500/