Էգեյան ծովի արեւելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքների պատճառով, հայտնում է Kathimerini-ն։

Թերթը նշում է, որ Աթենքը թուրք-հունական հակամարտության սրացում է սպասում 2022 թվականի ամռանը եւ վստահ է, որ Անկարան կփորձի Հունաստանը որպես միջազգային կոնվենցիաներն ու օրենքները վիճարկող երկիր ներկայացնել։


Մասնավորապես, հույն քաղաքական գործիչներին մտահոգում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել է մարտահրավեր նետել Էգեյան ծովի կղզիների արեւելյան ինքնիշխանությանը, եթե Աթենքը չապառազմականացնի դրանք, իսկ ուրբաթ օրը նա դատապարտել է Հունաստանին՝ ասելով, որ վերջինս չի հարգում իր հարեւաններին:

Չավուշօղլուն բերել է Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, որին, նրա խոսքով, Հունաստանը ստիպել է փոխել անունը՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման։