Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է ԱԺ նխագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին:


Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիթորինգի, ճգնաժամային իրավիճակների կանխատեսման եւ կանխարգելման մեխանիզմները: Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այս գերակա ուղղություններով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է:

Ինչպես գիտեք, այս տարվա սկզբին հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի հայտը` Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, շտապ խորհրդակցություններ նախաձեռնեց կազմակերպության երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու իր որոշման մասին: Խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում եւ ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքական համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար, որոնք շոշափում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը: Միանգամայն համոզված ենք, որ նման միասնությունը պետք է դրսեւորվի կազմակերպության ցանկացած միութենական պետության նկատմամբ:

Այս տարի զգալի ջանքերն ուղղված են կազմակերպության Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի կատարելագործմանը, համապատասխան որոշումների ընդունման մեխանիզմի արդիականացմանը, առաջին հերթին՝ նորմատիվ-իրավական բազայի զարգացման, ինչպես նաեւ ճգնաժամային արձագանքման կենտրոնի շրջանակում փոխգործակցության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետագա զարգացումն է, նպատակադրված խնդիրների կատարման նրանց պատրաստակամության պահպանումը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության դինամիկայի եւ փոփոխման կանխատեսումը:

Առանձին կցանկանայի ընդգծել կազմակերպության խորհրդարանական չափման դերը, որի գծով մեր առաջնահերթություններն են անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցումն ու ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական ոլորտներում:

Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման եւ ակտիվացման համար: Այս համատեքստում կարեւոր եւ ժամանակին եմ համարում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի կատարելագործման առաջարկը:

Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում»: