Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։ «Քննարկեցինք Կովկասում «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այս հարցերում աջակցության համար», ասել է Չավուշօղլուն։


«Պայմանավորվեցինք՝ ինչպես շարունակել աշխատել Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվեց 3+3 ձեւաչափը։ Առաջին հանդիպումն անցկացրեցինք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է, շատ մոտ ապագայում», ասել է Լավրովը։

 

ԱԳ նախարարները խոսել են Սիրիայի մասին։ «Մենք կողմ ենք Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացի աշխատանքը շարունակելուն։ Մենք անհրաժեշտ ենք համարում քրդական բնակչությանն ահաբեկիչներից ազատելը, որոնք ներկա են երկրի հյուսիսում։ Արեւմտյան երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ը, աջակցում են այդ ահաբեկչական տարրերին Սիրիայի հյուսիսում», ասել է Չավուշօղլուն։

Լավրովն իր հերթին ասել է, որ Մոսկվան սիրիական հարցում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։ «Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում», ասել է նա, հավելելով, որ կողմերը համակարծիք են ստորագրված համապատասխան հուշագրերում առաջադրված նպատակների հարցում։

«Մենք հիանալի հասկանում ենք մեր բարեկամների (Թուրքիայի․ խմբ) մտահոգությունն այն սպառնալիքների հարցում, որոնք ստեղծվում են իրենց սահմաններին արտաքին ուժերի կողմից, այդ թվում ի հաշիվ անջատողական տրամադրությունների խթանման Սիրիայում ապօրինաբար գտնվող ամերիկյան ստորաբաժանումների կողմից», ասել է Լավրովը։


Լավրովը Թուրքիայից ժամանելու է Երեւան։ Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի՝ «Լավրովը Հայաստանի ղեկավարության հետ մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ»։

Լավրով-Չավուշօղլու ասուլիսից այս հատվածների պարզ համադրումը ցույց է տալիս Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում «սիներգիայի» սկզբունքով ռուս-թուրքական համագործակցության ներդաշնակեցման շարունակումը, որի մասին հայտարարել էր Լավրովը նոյեմբերի 9-ից հետո։ Ռուսաստանը ուկրաինական ճակատում մեծ կորուստների պայմաններում Սիրիայից զգալի ուժեր է տեղափոխել այնտեղ։ Թուրքիան երաշխիքների դիմաց մտադիր է «հատուկ գործողություն» սկսել Սիրիայի հյուսիսում։ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մատնանշումը որպես սպառնալիք ընդգծում է կողմերի պայմանավորվածությունը ոչ միայն Սիրիայի հարցում։

3+3 ձեւաչափի վերակենդանացումը, Հայաստանի հարցում Ռուսաստանի՝ բացառապես «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման» եւ խաղաղության պայմանագրի օրակարգը վկայում են նոր իրավիճակում նոր գործարքի մասին։ Հայաստանը օբյեկտ է, որի հաշվին ու անունից խոսում է Լավրովը՝ նոյեմբերի 9-ի թղթի պարտադրանքին քպ-ական իշխանություն-Հայաստան-ՊՈՒ ընդդիմություն տանդեմի հնազանդությամբ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/08/722007/