ՀՀ ԱԳՆ շենքում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսին զուգահեռ շենքի դիմաց ակցիա էին անում ԱԺ Հայաստան եւ ՊՈՒ դաշինքները։ Դիմելով Լավրովին՝ պատգամավորներն ասում էին, որ Փաշինյանի կառավարությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, նա մանդատ չունի բանակցելու ռուսների հետ ներկայիս օրակարգով, նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը անօրինական են լինելու։ Զարմանալի է, Սերգեյ Վիկտորովիչ, որ հանդիպում եք Նիկոլի հակառուս թիմի հետ, մի խաբվեք նրա ստացած քվեին։ Իշխանափոխությունից հետո Հայաստանը մնալու է ՌԴ դաշնակիցը, հայ-ռուսական եղբայրությունը վերականգնվելու է, եւ այլն։


Պետք է նշել, որ նույնիսկ այն վեհերոտ խնդրանքներն ու հույսերը, որոնք ուղղվում էին Սերգեյ Վիկտորովիչին, արդեն իսկ մեղադրանք են ՌԴ-ին, բայց սա այլ խոսակցության նյութ է։

Նման մի հանգամանք է նաեւ բանակցելու մանդատի ու Փաշինյանի ստացած քվեի հարցը։ Մոսկվային եթե ձեռնտու չլիներ Փաշինյանի իշխանությունը, որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ նրան իշխանությունից հեռացնելու «400 համեմատաբար ազնիվ ձեւ կգտնվեր», ինչպես ասում էր հայտնի կոմբինատորը։ Ներկայիս խորհրդարանական «ընդդիմությունը», որը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բողոքի ակցիաներ էր անում եւ դեմ էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՌԴ դեսպանի երկու բաց հրահանգավորումներից հետո համաձայնեց մասնակցել դրանց։ Ի վերջո, համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ, որի մասին շատ է խոսվել, ձեւավորվեց ռուսական շահերի տեսանկյունից լիարժեք խորհրդարան։ ՔՊ-ի մեծամասնությունը ձեռք բերվեց նաեւ «նախկինների» հանդեպ հանրային տրամադրությունների արդյունքում՝ դա այդ տեխնոլոգիայի մասն էր։ Մանդատը Մոսկվան է տվել Փաշինյանին։

Պուտինը ողջունեց հայկական ընտրությունը եւ Փաշինյանին ասաց, որ նա ստացել է ամենակարեւորը՝ ժողովրդի վստահությունը, եւ դժվար որոշումներ ընդունելու ժամանակն է։ Դրանից հետո սկսեց «դժվար որոշումների» շքահանդեսը, որոնք բխում են նոյեմբերի 9-ի թղթից կամ ռուսական պլանից։ Հայկական խորհրդարանը կազմավորվել է այդ թղթին հավատարմության հիմքով, ներքաղաքական «դիմակայությունն էլ» տեղի է ունենում նույն հիմքով։


Հիմա, Լավրովը չգիտե՞, թե դա ինչ մանդատ է եւ ինչի համար է։ Այդ մանդատը չեզոքացնելու մի ձեւ կա՝ եռակողմ հայտարարության չեղարկման որոշումը խորհրդարանում, որի հիմքերը կան՝ Մոսկվայի ու Բաքվի կողմից բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ Փառուխում, որի մասին Լավրովին հիշեցրին թե ԱԳ նախարարը, թե ընդդիմադիրները։

Եւ ընդհանրապես, ժամանակն է հրաժարվել քաղաքականության վերաբերյալ կենցաղային-պրիմիտիվ հարցադրումներից։ Դիմադրությունը դա չէ, այլ խորհրդարանում ու հանրային հարթակներում ազգային-պետական խնդիրների քննարկումների ծավալումն ու ինքնիշխան որոշումների կայացումը՝ ներքին ու արտաքին իրավիճակների համարժեք գնահատականներով։ Հայաստանն ահռելի հնարավորություններ ունի, դրա գիտակցումը չկա։