Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Ինչպես տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից, Վարդգես Սամսոնյանը ողջունել է Հրաչյա Սարգսյանի այցը Գյումրի, ապա կողմերը շրջել են քաղաքում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից: Օգոստոսին նախատեսվում է Գյումրիում անցկացնել Երևանի օրեր, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր:
Օգոստոսի 26-27-ին հայրաքաղաքն իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին: Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը:
Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին՝ Վարդանանց հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում:
Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել: