Ռուսաստանի օրվա կապակցությամբ այս օրերին եղբայրական զեղումներ են պաշտոնական ու կիսապաշտոնական շրջանակներից, հավատարմության ու հարաբերություններն էլ ավելի խորացնելու երդումներ ու հավաստիացումներ։


30 տարի առաջ այս օրերին Ռուսաստանի բանակի 23-րդ մոտոհրաձգային և 104-րդ օդադեսանտային դիվիզիաների ստորաբաժանումները ծանր տեխնիկայով հարձակման անցան Արցախի Շահումյանի շրջանի, այնուհետեւ Մարտակերտի շրջանի ուղղությամբ։ Մարտերին մասնակցում էր ռուսական 328-րդ օդադեսանտային գունդը հայտնի գեներալ Վլադիմիր Շամանովի հրամանատարությամբ։ Ավելի վաղ, ռուսական զորքն ամբողջովին հայաթափել էր Գարդմանքը եւ Ուտիքը, իրականացնելով Կոլցո գործողությունը, որին զոհ գնացին հազարավոր հայեր։

 

 

ՌԴ Պետդումայի իշխող խմբակցության պատգամավոր, ՌԴ եւ «Ադրբեջանի» հերոս գեներալ-գնդապետ Շամանով

Ռուսական բանակն ամբողջովին հայաթափեց Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը։ Հայ ինքնապաշտպանական ջոկատները հերոսաբար դիմակայում էին ռուսական հարձակմանը, սակայն ուժերը խիստ անհավասար էին։ Ռուսական բանակի ստորաբաժանումները համալրված էին նաեւ «ադրբեջանական» զինված հրոսակախմբերով ու թուրքական խորհրդական-սպաներով։ «Ադրբեջանի» բանակ այն ժամանակ չկար որպես այդպիսին եւ ի վիճակի չէր լինի նման մասշտաբի գործողության, ինչը ցույց տվեցին հետագա տարիները։

Հայկական պաշտոնական հայտարարություններում այս իրադարձությունները սովորաբար նշվում են որպես «Ադրբեջանի» հարձակում, երբեմն նաեւ հպանցիկ հիշատակելով ռուսական զորքի առկայությունը։ Ինչպես 2020-ի պատերազմը՝ «թուրք-ադրբեջանական ագրեսիա»։

Ռուսաստանը ներքին ու արտաքին անբարենպաստ կացության պատճառով ստիպված էր նահանջել Կովկասից, որն իրագործում էր բնիկ հայ բնակչության տեղահանմամբ ու հայկական տարածքները թուրքերին հանձնելով, ինչպես 1915-ից սկսած։ 1990-ականների սկզբին ռուսները գործում էին ուղիղ, քանի որ «ադրբեջանական» հրոսակախմբերը դեռ ընդունակ չէին նման մասշտաբի խնդիրների լուծման։


Իրավիճակը փոխվեց ռուսների հեռանալուց հետո, եւ հայկական ուժերն ազատագրեցին հայկական տարածքների մի զգալի մասը։ Բայց հայկական իրար հաջորդող վարչակազմերը բառի լայն իմաստով հետ բերեցին Ռուսաստանին զանազան «դաշնակցային» պայմանագրերով ու բազայով։

2020-ի «թուրք-ադրբեջանական ագրեսիան» ՌԴ նահանջի ռազմավարության նոր փուլն է՝ Մոսկվայի նախագծմամբ եւ իրագործմամբ, հայկական հողի նոր կտորների բռնազավթմամբ։ Այս անգամ արդեն պատրաստ էր պրոքսի-թուրքերի բանակը, ճակատում եւ թիկունքում հիբրիդային քայքայիչ գործողությունների աջակցությամբ։

Հայկական ներկայիս «իսթեբլիշմենտը» հավատարմության երդումներ է տալիս Կրեմլի հեղինակած եռակողմ հայտարարություններին։ Ռուսական ծիրում շինծու հակաթրքականությունը, հակաարեւմտականությունը եւ ռուսանպաստ ագենտուրայի քարոզչությունը Հայաստանի նոր մասնատման ու ինքնիշխանության վերացման «գաղափարական» հիմքերն են։

Հայ-ռուսական պատերազմ ձեւակերպումը արդեն իսկ մեղմ ասած տարօրինակ կթվա հայերի լսելիքին։ Ինչպես նաեւ ինչ որ ժամանակ խորթ էր թվում թուրքական ուժերի դեմ կռվելու հանգամանքը մինչեւ 44-օրյա պատերազմ։ Գալու է նաեւ այդ ժամանակը, եթե մինչ այդ իհարկե հայերը բաց չթողնեն Ռուսաստանին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/14/723189/