«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաեւ մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով եւ իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել:


Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է:

Ավելին՝ Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետեւանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել:

Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, եւ այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար:

Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում