Այսօր Կոմիտաս 5ա շենքի բնակիչները ասուլիս էին կազմակերպել, որի ընթացքում ներկայացրեցին ամբողջ ապօրինի շինարարության ընթացքն ու իրենց պայքարի անցած ուղին:
Բնակիչ Գոհար Սահակյանը բնակիչների հետ զրույցում նշեց, որ իրենք պայքարում են անօրինականության դեմ 2010թ-ից : «Այսօր արդեն 2013թ. օգոստոս ամիսն է և ինչ-որ բաների չենք հասել, չնայած այս ընթացքում ինչ-որ զիջումներ եղել են», - նշեց նա:

Նա նշեց, որ այս ապօրինություններին հիմք է դրվել 2005թ. դեռ քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումով: Նրա խոսքերով, հողը կառուցապատողը ձեռք է բերել առանց աճուրդի և շինթույլտվությունը ոչ մի պարամետրերով չէր համապատասխանում գործող շինարարության նորմերին:

Նրա խոսքերով, պահպանված չեն եղել հակահրդեհային անվտանգության պահանջները, անտեսվել է տարածքի ծառերի պահպանության խնդիրը: «Շինթույլտվության մեջ ենթակայանը թույլատրված էր երկու հարկով, մինչդեռ Երվանդ Զախարյանի որոշման մեջ ենթակայանը նախատեսված է եղել մեկ հարկանի: Շինթույլատվության բլանկի վրա հանրային լսումների և հարակից տարածքի բնակիչների համաձայնության տողերը չունեն որևէ գրառում, ինչը վկայում է մեր համաձայնության բացակայության մասին», - պարզաբանեց նա:

Բնակիչ Գ. Սահակյանը նշեց, որ շինարարության դադարեցում իրենք չեն տեսնում , քանի որ ոստիկանների աջակցության շնորհիվ շինարարները դեռ հիմք են փորում, բայց ոստիկանները թույլ չեն տալիս, որ բնակիչները խոչընդոտեն ապօրինի շինարարությունը:

Մեկ այլ բնակիչ Սուսաննա Թերզյանի խոսքերով, իրենք այս հարցով դիմել են Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարան և դատական նիստերի ընթացքում տեղեկացել են, որ այստեղ 14 հարկանի շենքի կառուցման թույլտվություն է տրված:

Իսկ մեկ այլ բնակիչ Մուշեղ Սուվարյանն էլ նշեց, որ քաղաքապետարանում հրավիրված հերթական հանդիպման ժամանակ գլխավոր ճարտարապետի և Արաբկիրի թաղապետի ներկայությամբ «Լիբեր» շինարարության ներկայացուցիչ Քեշիշ Աբրահամը, հայտարարել է, որ թքած ունի Հայաստանի հողի վրա էլ, ջրի էլ:

«Չէ՞ որ այս հողի վրա է կռվել պրեզիդենտը՝ Սերժ Սարգսյանը: Ո՞նց ա հանդուրժում… իրա եղբայրն ա մահացել էս հողի վրա, իրենք են կռվել, իրենք են արյուն թափել»,- մեկնաբանեց Մուշեղ Սուվարյանը: