Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով վաղը Դանիայի դեմ կայանալիք ընտրական մրցավեճի մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
- Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում՝ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:
- Մենք մտածում ենք միայն Դանիայի հետ խաղի մասին:
- Ի՞նչ վիճակում է հավաքականը՝ Չեխիայի հետ ծանր խաղից հետո:
- Ամեն ինչ արվել է, որպեսզի մեր խաղացողները վերականգնվեն: Եղել են թեթեւ պարապմունքներ: Հայտնի չէ, արդյո՞ք Արազ Օզբիլիսը կխաղա թե ոչ: Նա սննդի հետ կապված խնդիր ուներ և պետք է կրկին հետազոտվի: Հուսով եմ, որ լավ կլինի:
- Ի՞նչ կասեք Դանիայի հավաքականի վերաբերյալ:
- Դանիայի վերջին խաղը նայել ենք: Նրանք իրենց խաղոճը չենք փոխել, սակայն ուղղվածության փոփոխություն կա: Կազմը երիտասարդացնում են: Նոր բան Դանիայից՝ չենք սպասում:
- Բերեզովսկին ի՞նչ վիճակում է ներկայումս:
- Հենց նոր եմ խոսել նրա հետ: Ընդամենը 20 օր է հարկավոր, որպեսզի նա ապաքինվի: Մենք ավելի վատ բան էինք սպասում…
- Ընթացիկ ընտրական փուլում, Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում…
- Հայաստանը Երեւանում շատ վատ է խաղացել միայն Մալթայի հետ: Բայց փաստն այն է, որ տանը մենք խաղ չենք հաղթել: Ես ուրիշ բացատրություն ունեմ դրան, բայց դա չեմ ասի ձեզ, քանի որ մարդիկ կան, որոնք չեն կարողանա ճիշտ հասկանալ: