Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած է ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաեւ այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։
«Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։- Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաեւ օգտագործվում կամ օգտագործվել են մինչեւ այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։