Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փորձագետները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-ադրբեջանական կարգավորման մի շարք հարցեր քննարկելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, անցել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի աջակցությամբ եւ համակարգմամբ։


Միջոցառումը բացել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Բաքվից եւ Երեւանից որպես համակարգողներ հանդես են եկել համապատասխանաբար Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը եւ «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման ընթացքում փորձագետները խոսել են իրենց անձնական կարգավիճակով։

Ինչպես նշվում է հանդիպման արդյունքներով լրագրողների շրջանում տարածված հաղորդագրության մեջ, «փորձագետներին հաջողվել է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման/սահմանագծման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների խնդիրները»։

Քննարկվել է նաեւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման աշխատանքներում փորձագիտական երկխոսության դերն ու տեղը։

Նշվում է, որ մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումներն ու համատեղ աշխատանքը եռակողմ փորձագիտական «Երկխոսություն խաղաղության մասին» հարթակի շրջանակներում։