Ռուսական բնական գազի էմբարգոն խորը ռեցեսիա կառաջացնի Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայի Հանրապետությունում եւ Իտալիայում, եթե երկրներն այլեւս չհամագործակցեն այլընտրանքային մատակարարումների համատեղ օգտագործման համար, երեքշաբթի հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտողներն իրենց բլոգում նշել են, որ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում որոշ երկրներ կարող են բնական գազի իրենց սպառման մինչեւ 40 տոկոս պակաս ունենալ:


Տնտեսական առումով Հունգարիան ամենաշատը կտուժի նման էմբարգոյից, որտեղ համախառն ներքին արդյունքը կկրճատվի ավելի քան 6 տոկոսով, իսկ Սլովակիայում, Չեխիայում եւ Իտալիայում ՀՆԱ-ն կարող է նվազել 5 տոկոսով, եթե գազի այլընտրանքային մատակարարումները, ներառյալ հեղուկ բնական գազինը, դժվարանան։

Ամբողջությամբ ինտեգրված շուկայի ավելի լավատեսական սցենարի դեպքում տնտեսական վնասը նվազում է՝ Հունգարիայի ՀՆԱ-ն կրճատվում է ավելի քան 3 տոկոսով, Սլովակիայում եւ Իտալիայում՝ ավելի քան 2 տոկոսով, իսկ Չեխիայում՝ գրեթե 2 տոկոսով:

Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 2 տոկոսով՝ ավելի ծանր սցենարի դեպքում, եւ 1 տոկոսով՝ ավելի լավատեսական սցենարի դեպքում՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների հասանելիության եւ սպառումը նվազեցնելու հնարավորության շնորհիվ:

Սակայն Գերմանիայում տնտեսական ակտիվությունը 2023 թվականին կարող է կրճատվել 2,7 տոկոսով, իսկ գազի մեծածախ գների աճը 2022 եւ 2023 թվականներին Գերմանիայում կհանգեցնի ինֆլյացիայի աճի եւս 2 տոկոսային կետով։

ԱՄՀ-ի հետազոտողները նշել են, որ եվրոպական ենթակառուցվածքները եւ համաշխարհային մատակարարումներն առայժմ հաղթահարում են խնդիրը, քանի որ ռուսական գազի մատակարարումները 2021 թվականի հունիսից նվազել են 60 տոկոսով: Գազի ընդհանուր սպառումը առաջին եռամսյակում, երբ Ռուսաստանը սկսեց իր ներխուժումը Ուկրաինա, հրահրելով Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները, նախորդ տարվա համեմատ նվազել է 9 տոկոսով, եւ այժմ օգտագործվում են այլընտրանքային մատակարարումներ, հատկապես համաշխարհային շուկաներից ՀԲԳ, հաղորդում է Reuters-ը:

«Մեր աշխատանքը թույլ է տալիս ենթադրել, որ կարճաժամկետ հեռանկարում ռուսական գազի մատակարարումների 70 տոկոսով կրճատումը կարելի է հաղթահարել այլընտրանքային մատակարարումների եւ էներգիայի աղբյուրների հասանելիության հաշվին եւ հաշվի առնելով պահանջարի նվազումը՝ նախկինում բարձր գների պատճառով»,- ասում են հետազոտողները: