Հայաստանի կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի։ Այս մասին հուլիսի 22-ին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» USAID ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։
Նախարարը նշեց, որ ճանապարհային քարտեզը մշակվել է էկոնոմիկայի նախարարության պատվերով։
Նրա խոսքով, տնտեսական աճի ներդրման վրա հիմնված մոդելին անցումը հնարավոր է միայն ներդրումային ոլորտում հետևողական բարեփոխումների դեպքում։ Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ ճանապարհային քարտեզը հիմնված է կառավարության ծրագրում ամրագրված թիրախների և առաջնահերթությունների վրա։
«Ճանապարհային քարտեզի իրականացումը կապահովի ծրագրի նպատակային ցուցանիշների ձեռքբերումը։ Առաջարկվող փաստաթղթով ներդրումային պայմանները ներդրողներին կապահովեն ինչպես հարմարավետություն, այնպես էլ հուսալիություն»,- վստահեցրեց Քերոբյանը։