Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից» կրած 0:5 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում։

«Շնորվավորում եմ հակառակորդին․ իրենց համար արժանի հաղթանակ էր։ Մեր թիմի համար հաճելի հաշիվ չէր։ Հաշիվը համապատասխանում էր, որովհետեւ հակառակորդի որակը բարձր էր։ Մեր մարտավարությունը ճիշտ էր ընտրած։ Կարողանում էինք ճիշտ փակել հակառակորդին եւ ունենալ հակագրոհներ։ Խաղը ցույց տվեց, որ արագությունները մեծ գումարների հետ կապված են ժամանակակից ֆուտբոլում։


Բայց կաշխատենք վերլուծել խաղը, պատասխան հանդիպմանը լինել ավելի պատրաստված, որպեսզի իրենց ուժեղ կողմերը փակենք»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 9-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի պարտվողը կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։