ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանի զորավարժությունները Թայվանի մոտ, այդ թվում եւ հրթիռների արձակումը Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, «զգալի լարվածություն» են նշանակում։

Բլինքենը լրագրողներին Կամբոջայում Հարավարեւելաասիական պետությունների ասոցիացիայի շրջանակում ասել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը «խաղաղ էր եւ ամերիկյան քաղաքականության փոփոխություն չէր նշանակում Թայվանի հանդեպ»՝ Չինաստանին մեղադրելով այն որպես «իր սադրիչ գործողություններն ուժեղացնելու պատրվակ» օգտագործելու, «Թայվանի նեղուցում եւ նրա շուրջ ռազմական գործողություններ վարելու» մեջ։


Նրա խոսքով՝ Չինաստանի կողմից Թայվանի մոտ հրթիռների արձակումը «համամասնական չէ եւ զգալի ու չարդարացված լարվածություն է», եւ Միացյալ Նահանգները «քանիցս Չինաստանին հասկացրել են, որ ճգնաժամի չեն ձգտում»։ Նա նշել է, որ Վաշինգտոնը լրջորեն անհանգստացած է՝ ավելացնելով, որ «չկա որեւէ հնարավոր արդարացում այն բանի, ինչը նրանք արել են»։