Ավելի քան 5 միլիարդ մարդ սովից կմահանա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լայնածավալ միջուկային պատերազմի դեպքում։ Սա ամենավատ սցենարն է Nature Food-ի հետազոտության մեջ, որն ուսումնասիրել է այրվող քաղաքների եւ անտառների մրի հետեւանքով առաջացած անուղղակի մահացությունների թիվը:
Հետազոտությանը կից հայտարարության համաձայն, Ռաթգերսի համալսարանի թիմը զոհերի թվի վերաբերյալ այդ եզրակացությունն արել է՝ գնահատելով, թե որքան կտուժի գյուղատնտեսական մշակաբույսերի համաշխարհային բերքատվությունը, քանի որ թափառող ամպերը արգելափակում են արեւի լույսը, որը սնում է բույսերը, որոնցով սնվում են մարդիկ, գրում է The Hill-ը:
Նախ, հետազոտողները գնահատել են մոխրի քանակությունը, որը դուրս կթափվի տարբեր չափերի միջուկային պատերազմների հետեւանքով, երբ այրվեն Հնդկաստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի խոշոր քաղաքները: Այնուհետեւ նրանք դա ներբեռնել են կլիմայի կանխատեսման գործիքի մեջ, որպեսզի հետեւեն, թե ինչպես է այդ մոխիրը կշարժվի ամբողջ աշխարհով մեկ, եւ որտեղ ու որքանով այն կազդի սննդի արտադրության վրա:
Մոդելը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային պատերազմի դեպքում մոլորակի քամիները ծխի եւ մասնիկների պտտվող ամպեր կբարձրացնեն երկինք՝ սննդամթերքի խոշոր արտահանողների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:
Այս երկրներում բերքատվության անկումը կառաջացնի աճող հետեւանքների կասկադ, որը ճգնաժամի մեջ կքաշի մնացած աշխարհը: Երբ բերքատվությունը նվազի, սննդամթերքի արտահանումը նույնպես կնվազի՝ սով տարածելով Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, որոնց գոյատեւումը կախված է սննդամթերքի ներմուծումից:
Այս սցենարով Երկրի վրա գտնվող մարդկանց երեք քառորդը սոված կմնա հրթիռների անկման դադարումից հետո երկու տարվա ընթացքում, եւ դա կլինի միայն սկիզբը:
Ռաթգերսից համահեղինակ Լիլի Սյայի խոսքով՝ շատ մանրամասներ այն մասին, թե որքանով կտուժի բերքը այդ դեպքում, մնում են անհասկանալի:
Թիմի ուսումնասիրած նույնիսկ ամենասահմանափակ միջուկային պատերազմի ժամանակ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային հարվածների լոկալ փոխանակման դեպքում, սննդամթերքի համաշխարհային արտադրությունը կնվազի 7 տոկոսով` մթնոլորտ ներթափանցող պայթյուններից մրի եւ մոխրի պատճառով:
Նման ավերածությունը կհարվածի աշխարհին, որն արդեն կանգնած է կլիմայի փոփոխության պատճառով բերքատվության նվազման հեռանկարի առջեւ:
«Նոր հետազոտության եզրակացությունը պարզ էր՝ միջուկային պատերազմը «կկործանի համաշխարհային պարենային համակարգերը»,- ասվում է հետազոտության համահեղինակ Ալան Ռոբոքի հայտարարության մեջ:
Նա մատնանշել է միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ-ի պայմանագիրը, որը վավերացրել են 66 երկրներ, սակայն միջուկային ինը տերություններից ոչ մեկը: «Մեր աշխատանքը հստակ ցույց է տալիս, որ ժամանակն է, որ այս ինը երկրները ականջալուր լինեն գիտությանը ու մնացած աշխարհին եւ ստորագրեն այս պայմանագիրը»,- ասել է նա: